Բագրատ Սրբազանը վերադառնում է Կիրանցից

Մեր հայրենիքում ու պետության մեջ իմ դիմաց ոչ ոք չի կարող ճանապարհ փակել, վերադառնում եմ Կիրանց գյուղից, իրենք ողջույններ են հղում, խնդրում են մենակ չթողնել, և չենք թողնելու և այդ արցունքներին ու այդ ողբերգությանը պետք է պատասխան գտնվի։ Այս մասին Կիրանցից վերադառնալուց հետո լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա պատմեց, որ կիրանցիներն իր այցից քաջալերվել են․

«Ասացին մինչև վերջ գնացեք, մենք ձեր թիկունքին ենք։ Այն մարդիկ, որոնք այսօր արտասվում են, այդ արցունքներին պետք է պատասխան տրվեն, այդ արցունքները չեն կարող հենց այնպես անցնել։ Այս արհավիրքն ու աղետը պետք է կանգնի, ոստիկանական շրջափակման պատճառով այդ մարդիկ դարձել են պատանդ գերի, իրենք գերի, մենք գերի, սա է ամբողջ իրականությունը»,- ասաց նա ու պատմեց գյուղում տիրող իրավիճակից։

«Նախ գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել։ Երբ մտել եմ գյուղ, կարծես ուրվականների գյուղ լիներ, մարդ չկար գյուղում, ես այդպես երբեք չեմ տեսել այդ գյուղը, գյուղում իրենց անկյուններում թաքնված մարդիկ ապրում են, հոգին են սպանել մարդկանց, պատիվն են տարել։ Երբ իմացան գյուղում եմ, հավաքվեցին գյուղամիջում միանգամից և բոլորի խնդրանքն ու մաղթանքն է՝ այս աղետը պետք է կանգնի և այո՛, պետք է կանգնի»,- ասաց նա։

Սրբազանը շեշտեց՝ մեր երկրում ոչ ոք չպետք է արգելի որևէ բան անել, որտեղ ուզենք, պետք է գնանք, ինչպես ուզենք պետք է գնանք․

«Ես իրենց ասացի՝ իրենց այս շրջանի հոգևորականն եմ։ 14 օր չեմ տեսել, թողեք գնամ, իմ ժողովրդին տեսնեմ, ասացին՝ ոչ, դե ոչ, ոչ, հիմա եղա՞վ այո։ 2 բան ենք ֆիքսում՝ կամ հրեշտակներն են կարողացել տանել, կամ ոստիկանական համակարգ գոյություն չունի»,- նշեց նա։

Հարցին՝ Երևան վերադառնալուց հետո ավելի կոշտ պայքար կտեսնե՞նք, նա պատասխանեց․

«Քայլ առ քայլ պայքարը հասնում է իր նպատակներին, պայքարն ունի օրակարգ, ծրագիր և շարժվում է այդ օրակարգ-ծրագրով»։

Նա տեղեկացրեց, որ կվերադառնան Երևան, քանի որ իրենց ցանկությունն ու նպատակն էր գնալ գյուղ։

«Գնացինք, դժբախտաբար, չէին թողնում, բայց գնացինք, թող իմանան որ համակարգն էլ չի գործում, թող մտածեն։

Այս ամեն ինչի սուտը ո՞րն է, գյուղացիներն ապրում են գյուղում, մեքենաներ գալիս անցնում են նույն տարածքով։ Անցնում են, չէ՞ բա իրենց համար վտանգավո՞ր չէ, մեզ համար վտանգավո՞ր է։ Մենք պետք է գնանք Թիֆլիսից հետ գա՞նք, որ կարողանանք մենք էլ անցնել, ի՞նչ է սա։

Այս ամբողջ ճանապարհի գործընթացը, որ կատարվոմ է լրիվ հակասահմանադրական հանցագործություն է, իրենք քիչ չէ հանցագործ են, այս ոստիկաններին էլ են հանցակից դարձրել։ Ինձ, որպես այս շրջանի հոգևոր հովվի, արգելվում է արդեն 2-րդ անգամ այցելել իմ ժողովրդին, որոնք գտնվում են ծանր հոգեբանական վիճակում»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա դիմեց իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային կառույցներին, հարցնելով՝ ընդունելի՞ է սա նրանց համար։

«Ես մարդկայնորեն խնդրեցի ոստիկաններին, ապա հրապարակային դիմեցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ թողնեն գնամ գյուղ ու վերադառնամ, թույլ չտվեցին, բայց ես գնացի։ Մենք օտարի սահման չենք անցնում, որ այսքան մարդիկ կանգնել, արգելում են, մի հատ էլ անձնագիր են ստուգում»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել