ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն   ուսումնական   հաստատությունների   ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը,  իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ, բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը:

Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում կրթական բարեփոխումների ակտիվ փուլում կարևորել է համագործակցությունը նաև մասնավորի հետ՝  նշելով, որ ստորագրված հուշագիրը ՀՀ պետական քաղաքականության համատեքստում է. «Կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը պետության առաջընթացի առաջնային գործոններ են, և շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը ևս ներդրում է կատարում այս ոլորտում՝ համահունչ պետական քաղաքականությանը: Հույս ունենք՝ ձեր օրինակը կլինի վարակիչ այլ տնտեսվարողների համար ևս»:

ԱՄԻՕ բանկի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ սա փոքր քայլ է՝ ընդլայնելու և զարգացնելու համագործակցային հետագա քայլերը: «Սա ներդրում է հանուն ապագայի, որի տերն այսօրվա ուսանողներն են»,- ասել է Ազամատ Խակույը: 

Հուշագրի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթաթոշակ: Նպատակն է մարդկային կապիտալի զարգացումը, կրթական ծառայությունների մատչելիության ու հասանելիության բարձրացումը, սոցիալապես անապահով խմբերի բարձր առաջադիմությամբ ուսանողների խրախուսումը և այլն: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով կհայտարարվի ուսանողների ընտրության մրցույթ: Կրթաթոշակի արժանացած ուսանողների համար կստեղծվի ԱՄԻՕ բանկում աշխատելու հնարավորություն՝ ամրապնդելով կրթություն-աշխատաշուկա կապը՝ պետություն–մասնավոր հատված համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել