Խնդիր կա երկրաբանության բազային ֆինանսավորման, թեմատիկ ֆինանսավորման հետ կապված․ ԵՊՀ ռեկտոր

Երևանի պետական համալսարանում ապրիլի 4-ին Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելությում նշել է․ «Ես շատ ուրախ եմ, որ մենք նման օր ունենք, և այս օրը ԵՊՀ-ում նշվում է, քանի որ արդեն բազմիցս իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից սկսած կրկնել եմ և ասում եմ, որ համալսարանի համար, առավել ևս երկրի համար շատ կարևոր են այն լավ ավանդույթները, որոնք կան երկրում։ Ցավոք սրտի, տարիների ընթացքում դրանք բավականին մաշվել են, և հետաքրքրվածությունը երկրաբանության մասնագիտության նկատմամբ, պետք է ընդունել, որ նվազել է տարիների ընթացքում»։

Նրա խոսքով՝ հիմա տարբեր մեթոդներով, տարբեր ձևերով փորձեր են կատարում հետաքրքրվածությունը աշակերտների, ուսանողների շրջանում մեծացնել դեպի եկրաբանությունը։ Նա ընդգծում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նաև շնորհիվ երիտասարդ, նոր ընտրված դեկանի, բավականին սերտ կապեր են հաստատել ոլորտի տարբեր ընկերությունների հետ, արդեն իսկ ունեն համագործակցության առաջին պտուղները և հույս ունեն, որ այդ համագործակցությունը շարունակական է լինելու և էլ ավելի է խորանալու։

Ռեկտորը նշել է, որ վերջին երեք տարվա մեջ գիտության ֆինանսավորման աճը ակնհայտ է, ակնառու․ միայն ԵՊՀ-ն ստացել է հարյուր միլիոնավոր դրամների գիտական սարքավորումներ, աշխատավարձերի կտրուկ բարձրացում, բայց կա խնդիր երկրաբանության, բազային ֆինանսավորման, թեմատիկ ֆինանսավորման հետ կապված։

«Ես ուզում եմ բոլորիս շնորհավորել, բայց և ուզում եմ ցանկանալ, որ այն լավ ավանդույթները, որոնք այստեղ նստած պրոֆեսիոնալները դրել են այս ոլորտում և շարունակում են այդ ոլորտը զարգացնել, շարունակվի հատկապես երիտասարդ սերնդի մեջ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ Երկրաբանի օրվա կապակցությամբ, և ցանկանալ մեր երկրին խաղաղություն, երկրաբաններին՝ գործունեության ազատություն, ոլորտին՝ զարգացում», – ամփոփել է իր խոսքը Հովհաննես Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել