Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում):
Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկել գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը:
Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնել իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկել գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով գրավատուի անունից իրացնել գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով: