Haytnir.am ազդարարման առցանց հարթակի միջոցով քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին։
Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման, մասնավոր ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հայտ կարող եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպած ցանկացած կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի, հանրային ծառայողի կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնի կամ անհամատեղելիության պահանջի կամ այլ սահմանափակման կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների վերաբերալ, կամ ունեք վերը նշված ցանկացած դեպքի վերաբերյալ տեղեկատվություն։
Հայտ ներկայացնելն անվճար է։
Փաստաբանի մասնակցությունը ևս պարտադիր չէ։ Այդուհանդերձ, Ձեր հայեցողությամբ հայտի հետագա քննության ընթացքում կարող եք հանդես գալ ներկայացուցչի (փաստաբանի) միջոցով։
Ընդ որում, իմացած տեղեկությունը կարելի է հայտնել, ազդարարել նաև անանուն տարբերակով։
Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։
Ազդարարման կարևորությունը գնահատում են նաև ոլորտի փորձագետները։ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքում անդրադառնում է այն կարծիքին, որ պատերազմում պարտության հանգեցրել է նաև կոռուպցիան։
«Պարզ է չէ՞, որ եթե հրթիռ են գնում ու այդ հրթիռը չի թռնում, որովհետև այդ հրթիռն անպիտան է եղել, բայց էժան գնել ու թանկ ցույց են տվել պետության վրա և այդ արանքի գումարը գրպանել են։ Նույն Պաշտպանության նախարարությունում մի ամբողջ շղթա է անցել այդ հրթիռի գնման հաստատումները, փորձարկումները, ստուգումները։ Փաստորեն ոչ մեկ իր պարտքը չի համարել ազդարարել, որ այդտեղ կա ռիսկ՝ կոռուպցիոն ռիսկ, խախտում կա, որ այդ հրթիռը չի կրակելու, չի թռնելու։ Ասել են՝ դե մեր ծանոթն է, մեր վերադասն է այդտեղ օգտվում արանքում, ընտանիք է պահում, մենք հո «գործ տվող» չենք չէ․․․ Այդ «գործ չտվողների» արդյունքում մենք 4-5 հազար զոհ ունեցանք ու հսկայական տարածքների կորուստ, որովհետև մենք «գործ տվող» չենք, որ նման բաներ տեսնում ենք՝ չի կարելի ասել, որ դատախազությունը դրանով չզբաղվի, ոչինչ, թող թալանեն մեր պետությունը, ուտեն մեր երիտասարդների գլուխները, կարևորը դա չէ, կարևորը, որ մենք «գործ տվող» չլինենք»,-նշում է Խուրշուդյանը։
Հիշեցնենք, որ ազդարարել կարելի է նաև azdararir.am հարթակի միջոցով։
Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: