Վարչական վարույթի մասնակիցները օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի:
Բացարկի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է այն պաշտոնատար անձի անմիջական ղեկավարը, ում նկատմամբ բացարկ է հայտնվել, իսկ կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացվելու դեպքում` համապատասխան կոլեգիալ մարմինը` ձայների պարզ մեծամասնությամբ: Այդ դեպքում քվեարկությանը չի մասնակցում կոլեգիալ կազմի այն անդամը, ում դեմ բացարկ է հայտնվել:
Վարչական մարմնի ղեկավարին հայտնված բացարկի վերաբերյալ որոշումն ընդունում է ղեկավարն ինքը:
Վարչական մարմնի ղեկավարին հայտնված բացարկի ընդունման դեպքում ղեկավարի փոխարեն վարչական վարույթն իրականացնում է նրա տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ղեկավարին փոխարինելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձ:
Բացարկի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան բացարկ հայտնելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում: