Երբ մեկը հայտնվում է այդ հուշարձանի կողքին՝ ամբողջ Հայաստանը «հարձակվում» է, թե այս ի՞նչ եք անում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խոսելով բնության հուշարձանների պահպանության վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ի վերջո, մեր որոշումների կայացման հիմքում պետք է լինի Հայաստանի տնտեսական զարգացման շահը:

Այսինքն, բոլոր տեղերում, որտեղ կարող ենք տնտեսական զարգացում և տնտեսական աճ գեներացնել, չմոռանալով միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն ու մեր էկոմիջավայրում շարունակական ներդրումներ ապահովելը, պետք է գնանք այդ լուծումներին: Որովհետև դա շղթայական խնդիր է, կապված է տնտեսական ակտիվության և աղքատության հաղթահարման հետ և այսպես շարունակ: Երբ մշակութային կամ պատմական հուշարձաններն ավիրվում են, ոչ ոք դրա մասին առանձնապես չի անհանգստանում:

Երբ մեկը հայտնվում է այդ հուշարձանի կողքին՝ ամբողջ Հայաստանը «հարձակվում» է, թե այս ի՞նչ եք անում: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք՝ այդ հուշարձանները գիտության համար պահպանել հնարավոր չի լինելու, որովհետև վերանալու են: Հուշարձանը հուշարձան է՝ մարդու հետ հարաբերությունների մեջ, այսինքն, եթե չկա մարդ՝ հուշարձանը հուշարձան չէ: Հուշարձանը մարդով է հուշարձան: Այն բոլոր դեպքերում, երբ մենք հուշարձանն ընկալում ենք մի տեղ, որտեղ ոչ մի մարդ պետք է մոտ չգա և մարդը հաղորդակցության մեջ պետք է չլինի՝ մենք ոչնչացնում ենք այդ հուշարձանը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել