Դա հակասում է ԵԱՏՄ սկզբունքին. Փաշինյանը՝ ՌԴ–ում հայկական վարորդական իրավունքը չճանաչելու մասին

Ռուսաստանում ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մերժումը հակասում է Եվրասիական տնտեսական միության՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։

ՀՀ վարչապետը նշել է, որ վարորդական իրավունքի ճանաչման հարցը քննարկելու հնարավորություն ունեցել է դեռևս 10 տարի առաջ, երբ ԱԺ պատգամավոր էր: Ռուս գործընկերները նրան հնչեցրել են ՌԴ հրապարակային դիրքորոշումը, ըստ որի` ՀՀ վարորդական իրավունքները չեն կարող ճանաչվել ՌԴ–ում, քանի դեռ ռուսերենը Հայաստանում չունի պետական կամ որևէ հատուկ կարգավիճակ։

« Ես ասում էի` եթե հարցն այն է, որ ՌԴ–ում աշխատող հայ վարորդները ռուսերեն իմանան, ապա ՀՀ–ում կարգավիճակ ունենալը կամ չունենալն այստեղ շատ բան չի փոխի»,– ասել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝  նման մոտեցումը չի կիրառվում ՀՀ–ում աշխատող ռուսաստանցիների, այդ թվում՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ժամանած բազմաթիվ ռելոկանտների նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել