Շենգավիթի թաղապետարանի վրա տեղադրված դրոշը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Iravaban.net-ի տեսախցիկը ֆիքսել է Շենգավիթ վարչական շրջանի համայնքապետարանի շենքի (Գարեգին Նժդեհի փողոց 26) վրա տեղադրված դրոշը, որը բարվոք վիճակում չէ։ Այն պատառոտված է և չի համապատասխանում օրենքով սահմանված դրոշի նկարագրությանը։

Դեռևս օգոստոսի 3-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

Փոխվել էին Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները։ Նախատեսվել է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջները: Դրանք պետք է պահպանվեն ոչ միայն բարձրացված, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար: Ներկայացվող պահանջների իրականացման նպատակը հանրության կողմից պետական խորհրդանիշներից ՀՀ դրոշի արժեվորումն ու դրա նկատմամբ հարգանքի ձևավորումն է։

Դրոշի համար սահմանված կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։ Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար տուգանք է նախատեսվել 30.000-50.000, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 70.000-100.000 դրամի չափով:

Սահմանված է նաև իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների շրջանակը: Լիազորությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը։

ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների՝ պետական, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրված այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով: Ներքին կանոնների չպահպանումն էլ պետք է հանգեցնի կարգապահական պատասխանատվության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ դեռևս 2019-ի ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր մաքսային ծառայություն։ Մաքսատան աշխատասենյակներից մեկում նա նկատեց եռագույնը. պատվանդանը՝ ցածր, իսկ դրոշը՝ կեղտոտ վիճակում։ Կառավարության ղեկավարը կտրուկ էր արձագանքել դրան․ «Քանի՞ հոգի է այս սենյակում աշխատում, ով որ էս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ»։

Նշենք, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում էր գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Հենց նրան էր վարչապետը նկատողություն արել կեցվածքի ու այնուհետ էլ՝ աշխատասենյակի ոչ պատշաճ վիճակի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել