Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրն արդեն գործարկվում է

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրի պաշտոնական բացման արարողությունը: Դատական դեպարտամենտի հասարակության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, դատարանների նախագահներ և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, շնորհավորելով դատավորներին և աշխատակազմին նորակառույց շենքի բացման կապակցությամբ, նշեց, որ շենքը հարմարավետ է, համապատասխանում է միջազգային չափանիշներին: Արման Մկրտումյանն իր խոսքում շեշտեց, որ անկախ դատական համակարգի կայացման խնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության և հոգատարության ներքո: Ֆինանսական ճգնաժամի պայմաններում ահռելի ֆինանսական միջոցներ են հատկացվում դատարանի նորակառույց շենքի համար: Այսօր դրա վառ ապացույցն է այս շենքի բացումը: Այսօր մենք կատարեցինք ևս մեկ քայլ անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին: Դա բոլորիս երազանքն է ունենալ լիարժեք, անկախ դատական համակարգ: Ընդամենը ճանապարհներն են տարբեր. ոմանք միայն խոսում են, իսկ մենք ամենօրյա մեր աշխատանքով լուռ, քայլ առ քայլ, հետևողական աշխատանքով գնում ենք դեպի այդ նպատակի իրագործման:
ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, շնորհավորելով բոլորին, մատնանշեց, որ արդարադատության իրականացման համար անկախ դատական համակարգի պայմաններում, ի թիվս այլոց լավ շենքային պայմանների առկայությունը շատ կարևոր է: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում հաջողվել է կառուցել և վերակառուցել մի շարք դատարանների շենքեր:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել շենքային նման պայմաններ ստեղծելու համար:
Նշենք, որ նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է «Արարատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: Շենքը համապատասխանում է դատարանների անվտանգության և նախագծման ժամանակակից չափանիշներին: Բաժանված է անվտանգության երեք գոտիների: Բաց գոտին նախատեսված է հասարակության համար, ներառում է կենտրոնական մուտքը, գրասենյակը, դատական դահլիճները, սպասարկման տարածքները: Փակ գոտին` դատավորների և դատարանների աշխատակազմերի համար: Արգելված գոտին առանձնացված է դատական նիստից առաջ և հետո շենքում ժամանակավորապես պահվող կալանավորված անձանց պահելու համար: Դատարանն ունի կահավորված երկու դատական նիստերի դահլիճ: Վարկային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել ու տեղադրվել դատական դահլիճների կահավորանքը, գրասենյակային կահույքը, մուտքերի հսկման համակարգը, համակարգչային տեխնիկան և համակարգչային ցանցը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել