«Մարտի 1-ը բացահայտել ենք». Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է` Մարտի 1-ը բացահայտել են:

«Մարտի 1-ը բացահայտել ենք», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին` այդ դեպքում ո՞վ է հրահանգել գնդակահարել 10 անձանց` նա արձագանքեց.«Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունն արդեն հասանելի է, կարող եք վերցնել, նայել։ Մեր եզրահանգումները, ապացույցները շարադրված են, մեղադրանքներ են առաջադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը տապալողներին, պարզապես, ՍԴ որոշումից հետո կոռեկտ չէ, որ ես այլ բան հայտնեմ»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն` նա ասաց, թե դա նորմալ երևույթ է:

Նշենք, որ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ ապացուցվել է, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։

Լրագրողի դիտարկմանը, թե նման ձախողման համար այն մարմնի ղեկավարը, որը քննում էր գործը, հրաժարական կտար` Սասուն Խաչատրյանը պատասխանեց, թե իրենք աշխատում են շատ բարեխիղճ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել