Ղարաբաղում «ահաբեկչական հանցագործությունների» իրականացնելու կասկածանքով Ադրբեջանի անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Դավիթ Մանուկյանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Դավիթ Մանուկյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է։ Նա Արցախում զբաղեցրել է ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալի պաշտոնը։
Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին։
ԹԱՐՄԱՑՈւՄ։ Ադրբեջանի ԶԼՄ-ները ավելի ուշ հայտնեցին, որ Մանուկյանը 4 ամսով կալանավորվել է։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով։ Մասնավորապես, Մանուկյանը, ըստ ադրբեջանական կողմի, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից ահաբեկչություն կատարելու, հրազենի, դրա մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի անօրինական ձեռքբերման և պահման, օրենսդրությանը չենթարկվող զինված խմբավորումների ստեղծման և Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մեջ։