Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Այստեղ տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի հրադադարի խախտումը։

Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով»։

Նա հրապարակել է նաև լրագրող Մարութ Վանյանի տեսանյութը։

Տեսանյութը՝ https://t.me/iravabannet1/22270

Ֆեյսբուքյան իր էջում Արտակ Բեգլարյանը գրել է․

«Կխնդրեի ուշադիր լինել հատկապես X-ում (նախկին թվիթթեր) իմ հրապարակումների տարածման հարցում և ներկայացնել ամբողջ նյութը՝ կոնտեքստից կտրված վերնագրեր չդնելով: Հաշվի առնելով X-ի գրառումների ծավալային սահմանափակությունն ու արտաքին լսարանին ուղղված իմ անգլերեն ուղերձների առանձնահատկությունները՝ հարկ է զգույշ լինել այդ գրառումներս թարգմանելու և ներքին լսարանին ներկայացնելու հարցում:

Մասնավորապես, այսօրվա իմ մի գրառմամբ կիսել եմ լրագրող Մարութ Վանյանի գրառումն ու տեսանյութը, որը ցույց է տալիս Ստեփանակերտի արվարձան Կրկժանը և նշում, որ այն դատարկ է: Այդ գրառման իմ մեկնաբանությամբ ավելի եմ հստակեցրել ամսի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքները՝ նշելով, որ «Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները»: Առաջին տների մուտքի մասին տեղեկությունն ինձ տվել են տեղի որոշ բնակիչներ, սակայն, կարծես թե, այդ տներում չեն ամրացել: Որոշ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ այնտեղ տարբեր հատվածներում շփման գիծն անցնում է բնակելի տների մոտով, որը չի փոխվել հրադադարի հաստատումից ի վեր:

Այս գրառմանս հայերեն թարգմանությունը որոշ լրատվամիջոցներ տեղադրել են այնպիսի վերնագրերով, որոնք տպավորություն են ստեղծել, թե իբր նոր զարգացումների մասին է խոսքը: Սակայն, որքան տեղյակ եմ, այդ հատվածում վերջին միջադեպը եղել է ամսի 21-ին, և այդ հրաձգությունների ձայները լսել է Ստեփանակերտի ողջ բնակչությունը:

Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ ես պաշտոնյա չեմ, և իմ գրառումները ոչ պաշտոնական են՝ նպատակ ունենալով լրացնել տեղեկատվական վակուումը հատկապես արտաքին լսարանի համար: Քանի որ տարբեր ապատեղեկատվություններ էին տարածվել այսօր, ահա այդ թեմայով ԱՀ կառավարության պաշտոնական հարթակի՝ Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության համապատասխան հատվածը՝
«Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:

Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել