Վահե Ղազարյանի հրամանը՝ բացառությամբ սառը և նետողական զենքերի իմացության քննություն հանձնելու կարգի մասին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն օգոստոսի 28-ին հրաման է ստորագրել, որով սահմանվել է բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրաման  ուժի մեջ է մտնել սեպտեմբերի 1-ին։

Կ Ա Ր Գ

ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍԱՌԸ ԵՎ ՆԵՏՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶԵՆՔ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

1. Սույն կարգը սահմանում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու իրավահարաբերությունները:

2․ Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ անցկացնելու իրավունք ունեն «Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, լիցենզավորված հրաձգարանը, թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցում իրականացնող՝ իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ կազմակերպություն)։

3․ Կազմակերպությունը քննություններ անցկացնելու համար գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, որին կից ներկայացնում է համապատասխան լիցենզիան։ Ներքին գործերի նախարարը երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ բավարարում է դիմումը կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառը։

4․ Սույն կարգի խախտումով քննություն անցկացնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է քննություն անցկացնելու իրավունքից։

5․ Քննություններին մասնակցելու նպատակով կազմակերպություն կարող են դիմել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխանող քաղաքացիները:

6․ Քննություններին մասնակցելու համար քաղաքացին դիմում է կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր կամ դրա պատճեն։ Քաղաքացին կազմակերպություն կարող է դիմել ինչպես գրավոր, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակով։ Դիմումում պետք է ներառված լինեն նաև քաղաքացու անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, հեռախոսահամար)։

7․ Քննությունների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքերում՝ քննությունից առնվազն 5 օր առաջ: Դիմում ներկայացրած քաղաքացիներին ծանուցումը պետք է տրվի ոչ ուշ, քան դիմում ներկայացնելու պահից սկսած՝ մինչև երրորդ օրը։ Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ քաղաքացու նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:

8․ Քաղաքացին քննություններին պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։

9․ Տեսական և գործնական քննությունների ժամանակացույցը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Տեսական քննության հարցաշարը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության լիազոր ստորաբաժանման ղեկավարը։ Քննական հարցաշարը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ https://mia.gov.am և կազմակերպության պաշտոնական կայքում:

10․ Քննությունների ընդհանուր վճարը չի կարող գերազանցել 3000 ՀՀ դրամը։

11․ Քննությունները անցկացվում են հայերենով։

12․ Քննություններին՝ որպես դիտորդ, կարող են ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացուցիչներ:

13. Քննությունների գործընթացն իրականացնելու նպատակով կազմակերպության ղեկավարի իրավական ակտով ստեղծվում է քննական հանձնաժողով՝ բաղկացած երեք անդամից, որից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացուցիչ։

14․ Տեսական և գործնական քննությունների ընթացքը տեսաձայնագրվում է: Նախքան քննության մեկնարկը կազմակերպության կողմից անհրաժեշտ աշխատանքներ են տարվում տեսաձայնագրությունը պատշաճ կերպով իրականացնելու համար: Տեսաձայնագրությունն իրականացնում է քննություն անցկացնող կազմակերպությունը։ Կազմակերպությունը պարտավոր է տեսաձայնագրությունները պահել երեք ամիս և տրամադրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը՝ վերջինիս գրավոր պահանջի դեպքում։ Քննության մասնակիցներին տեսաձայնագրությունները տրամադրվում են նրանց դիմումի հիման վրա՝ էլեկտրոնային կրիչի միջոցով:

15․ Տեսական քննությունը անցկացվում է համակարգչային թեստավորման եղանակով՝ հարցատոմսում ընդգրկված հարցերին պատասխանելու միջոցով: Հարցատոմսը բաղկացած է 10 հարցից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր։ Անցողիկ շեմ է համարվում 8 միավորը։ Կազմակերպությունը պետք է ունենա անհրաժեշտ ծրագրային ապահովումներով հագեցած համակարգիչներ։

16․ Տեսական քննությանը ներկայացած քաղաքացին հարցատոմսում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, որից հետո լրացնում է համապատասխան պատասխանները, որի համար նրան տրամադրվում է 30 րոպե ժամանակ։ Հարցատոմս փոխելն արգելվում է:

17. Քաղաքացուն արգելվում է՝

1) իր մոտ ունենալ բջջային հեռախոս, այլ էլեկտրոնային սարքեր, տեխնիկական միջոցներ, ուսումնական նյութեր կամ ծածկագրեր․

2) հաղորդակցվել քննությանը մասնակցող այլ քաղաքացիների հետ, միմյանց փոխանցել հարցատոմսերը կամ նշումների համար տրամադրված թերթիկները․

3) աղմկել կամ այլ կերպ խոչընդոտել քննության անցկացմանը:

18. Եթե հանձնաժողովի անդամը հայտնաբերում է, որ պատասխանող քաղաքացին թույլ է տվել սույն կարգի 17-րդ կետի պահանջների խախտում, ապա դադարեցնում է քննությանը տվյալ քաղաքացու մասնակցությունը՝ այդ մասին կազմելով արձանագրություն:

19. Տեսական քննությանը քաղաքացու մասնակցությունը դադարեցնելու դեպքում՝ որպես գնահատական, ամրագրվում է 0 միավորը:

20․ Տեսական քննության գնահատականը քաղաքացուն հայտարարվում է նույն օրը:

21․ Տեսական քննությունը հաղթահարած քաղաքացուն նույն օրը տրվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետով նախատեսված՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ՝ հավաստագիր (Ձև 1), որտեղ լրացվում է միայն տեսական քննության գնահատականը։

22․ Տեսական քննության անցողիկ շեմը չանցած քաղաքացին կարող է կրկին դիմել տեսական քննության մասնակցելու համար ոչ շուտ, քան 3 օր անց։

23․ Գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն է ստանում տեսական քննությանը անցողիկ միավոր ստացած քաղաքացին ոչ ուշ, քան տեսական քննությունը հանձնելու յոթերորդ օրը։

24․ Գործնական քննությանը քաղաքացին ներկայանում է սույն կարգի 21-րդ կետով նախատեսված հավաստագրով և անձը հաստատող փաստաթղթերով։

25․ Մինչև գործնական քննության մեկնարկը հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացին հրահանգավորվում է անվտանգության կանոնների վերաբերյալ։

26․ Գործնական քննությունը բաղկացած է 5 վարժությունից, յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 0-5 միավորով, որտեղ՝ 0-2-ը՝ անբավարար, 3-ը՝ բավարար, 4-ը՝ լավ, 5-ը՝ գերազանց։ Վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր վարժություններից ստացած գնահատականների թվաբանական միջինով։ Քննության անցողիկ շեմ է համարվում 3 գնահատականը:

27․ Գործնական քննությունը գնահատելիս ստուգվում են զենքի կառուցվածքի վերաբերյալ գիտելիքները, զենքի և ռազմամթերքի ճիշտ նախապատրաստումը հրաձգությանը, կրակելու համար հարմար դիրք ընտրելը, անվտանգության կանոնների պահպանությունը և կարգապահությունը, նշանակետի խոցման ճշգրտությունը:

28․ Գործնական քննության անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքացին գործնական քննությանը մասնակցելու համար կարող է կրկին դիմել ոչ շուտ, քան 3 օր անց և ոչ ուշ, քան տեսական քննության անցողիկ շեմը հաղթահարելուց հետո 6 ամսվա ընթացքում։

29․ Գործնական քննությունը հաղթահարած քաղաքացու՝ սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթում գործնական քննությունը հաղթահարելու օրը լրացվում է գործնական քննության գնահատականը, որից հետո քաղաքացին կարող է այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ստորաբաժանում։

 30․ Կազմակերպությունը պարտավոր է ստուգումների արդյունքների մասին տեղեկությունների հաշվառումը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը դրանց փոխանցումն իրականացնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրվում է՝ _____________________________________________________________ին,

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ծնված՝ _______________, անձնագրի սերիա և համար՝___________________________,

որ նա հանձնել է զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները և ստացել հետևյալ գնահատականները՝

 

Տեսական՝______________միավոր, քննության օրը՝ _________________, Կ․Տ․

 

Գործնական՝______________միավոր, քննության օրը՝ _________________, Կ․Տ․

 

Տրվում է՝ ներկայացնելու ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

 

——————————————— Կազմակերպության տնօրեն/նախագահ՝

 

————————————————————— Կ․Տ․

                (անուն, ազգանուն, ստորագրություն)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել