Հուշակերտ գյուղի սկզբնամասում գտնվող այգուց 4 փեթակ են գողացել․ ոստիկանություն

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկություններն իրացրին օգոստոսի 23-ին:

Ժամը 11.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երկու տղամարդու` Նոր Արմավիր և Ամասիա գյուղերի բնակիչ, համապատասխանաբար` 31 և 29 տարեկան: Բացատրական աշխատանքի ու ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիմնավորվեց, որ օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը Հուշակերտ գյուղի սկզբնամասում գտնվող այգու տարածքից նրանք գողացել են մեղվի չորս փեթակ, որոնցից երկուսը նույն օրը մեկ այլ ամասիացու «ԳԱԶել» մակնիշի մեքենայով տեղափոխել են Ամասիա և առանց հայտնելու, որ փեթակները գողացված են, 50 հազար դրամով վաճառել են 29-ամյա երիտասարդի մեղվաբուծությամբ զբաղվող հորը: Մեղվաբույծ հայրն էլ հաջորդ օրը դրանք արտաքնապես ձևափոխել է և մինչ օրս թողել իր տան բակում գտնվող մյուս փեթակների հետ:

Պարզվել է նաև, որ մյուս երկու փեթակները նույն մեքենայով տեղափոխվել են Նոր Արմավիր և թաքցվել տնամերձ հողամասերից մեկում:
31 և 29 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հետագա միջոցառումների շնորհիվ բոլոր փեթակները հայտնաբերվել են և, որպես իրեղեն ապացույց, ի պահ են հանձնվել օրինական տիրոջը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել