Դադարեք հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի’ գործընկերներ, քաղաքացիներ,

խնդրում ենք դադարել հիմա էլ հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը. այդկերպ երեխաներին կրկին թիրախավորում ու ավելի խոցելի եք դարձնում։

Նրանց լավագույն շահից ելնելով՝ խնդրում ենք առավել զգոն եղեք դեպքի առնչությամբ տեղեկատվություն տարածելիս։


Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է:

Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։ Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո:

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնել են, որ Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելն անչափահասի նկատմամբ, առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն և կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ), 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, որը 1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ, 2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից և զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով) հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել