«Ինձ պետք են այդ մարդկանց անուն-ազգանունները»․ Նիկոլ Փաշինյանը բարկացավ

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես՝ ճանապարհների սպասարկման, ճանապարհային նշանների, ցուցանակների, ինտերնետի հասանելիության, զբոսաշրջության հետ կապված: «Վերջին օրերին ոչ պաշտոնապես գտնվել եմ մարզերում և արձանագրել եմ խնդիրներ, որոնք ոչ մի տեղեկանքում, զեկույցում, ոչ մի նիստում չեն արձանագրվել: Այս ամենի արդյունքում մտածում եմ, որ խորհուրդ տամ, խնդրեմ և նույնիսկ հանձնարարեմ, որ մեր պաշտոնյանները ժամանակ առ ժամանակ ուղղակի վեր կենան, գնան, մտնեն բակեր, նստեն, մարդկանց հետ խոսեն»,- ասել է վարչապետը:

Վարչապետի դիտարկմամբ, նման չծրագրված այցերի ընթացքում այնքան հարցեր ի հայտ կգան, որոնք այլ խողովակով պաշտոնյանները չեն գտնի և ոչ մի պաշտոնական այցի ընթացքում չեն տեսնի. «Խնդրում եմ և հորդորում եմ, աշխատանքային օրը կարելի է օգտագործել և աշխատել աշխատասենյակից դուրս՝ ոչ պաշտոնական հագուստով, լրիվ ազատ ռեժիմով, շփվել մարդկանց հետ»:

Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է ճանապարհների սպասարկման խնդրին. «Ես զարմանաքով կամ տհաճությամբ արձանագրեցի, որ ՀՀ-ում ճանապարհների սպասարկման որակը, մեղմ ասած, խայտառակ վատ է: Օրինակ, եթե ՀՀ-ում ձյուն է տեղում, ճանապարհը սպասարկող ընկերությունները պետք է դուրս գան ու ճանապարհները մաքրեն, իսկ եթե անձրև՞ է գալիս: Անձրևաջրերը ճանապարհի վրա ինչ ասես բերում լցնում են ու տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են հաջորդ՝ ավելի կառուցողական անձրևին, որ կգա ու ամբողջը կմաքրի, կտանի: Ճանապարհների մաքրման մասին ոչ ոք չի մտածում»:

Հաջորդ խնդիրը ճանապարհային գծանշաններն ու ցուցանակներն են, որոնք երկար տարիներ չեն փոխվել: Վարչապետն անդրադարձել է նաև ճանապարհներին առկա փոսերին, ճաքերին և նշել, որ դա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում. «Ինձ պետք է այդ մարդկանց անուն-ազգանունները: Ես ձեզ հանձնարարում եմ նշանակել ծառայողական քննություն և իմ սեղանին դնել այն մարդկանց անունները, ովքեր պետք է հետևեին, որ կապալառու ընկերություններն այդ բոլոր գործառույթները պատշաճ ձևով իրականացնեին: Սա ճանապարհի անվտանգության հետ կապված հարց է»:

Վարչապետի արձանագրած հաջորդ խնդիրը կապված էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: «Նախարարության տարեկան զեկույցի ժամանակ ինձ զեկուցվել է, որ հանրապետության ամբողջ տարածքը և մայրուղիների շուրջ ինտերնետն ապահովված է, ես ձեզ ասում եմ, որ այդպես չէ, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներին ինտերնետ չկա», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա պրոբլեմ է, միջպետական ճանապարհներին ինտերնետ չլինելը նոնսենս է՝ աբսուրդ:

Վարչապետը նշել է նաև, որ քաղաքացիները տեղյակ չեն «խելացի անասնագոմերի» ծրագրից: Կառավարության ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը ու մարզպետարանների հետ համատեղ ձևավորել խմբեր և տեղերում մարդկանց իրազեկել ՀՀ կառավարության այս ծրագրի մասին։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև, որ պատասխանատու կառույցները փորձեն այնպես կազմակերպել, որ համայնքում «խելացի անասնագոմերը» կառուցվեն իրար կողքի, որպեսզի մթերողի աշխատանքն էլ հեշտանա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել