Քրեակատարողական հիմնարկի 12 աշխատակցի, 7 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, 2 նոտարի գործունեություն կասեցվել է

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումներ, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Վերահսկողական վարչության կատարած ուսումնասիրությունների արդյունքում՝ 5 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ 1 խիստ նկատողություն, 2 գործունեության կասեցում՝ մեկ դեպքով երկու ամիս, իսկ մեկ այլ դեպքով՝ երեք ամիս ժամկետով։ Երկու նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճվել են՝ խախտման նվազ կարևոր լինելու հիմքով:

1 կարգապահական վարույթ է իրականացվել սնանկության գործերով կառավարչի նկատմամբ, որի արդյունքում կառավարչի որակավորումը դադարեցվել է:

Ուսումնասիրություններ են իրականացվել նաև Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում: Կատարված 2 ուսումնասիրություններից մեկի արդյունքներով՝ համապատասխան հիմնարկի 12 քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվել են տարբեր տեսակի կարգապահական տույժեր, թվով 2 քաղաքացիական ծառայողների մասով ծառայողական քննություններն ընթացքի մեջ են: Իրականացվել է 3 ծառայողական քննություն, արդյունքում քրեակատարողական ծառայության 1 աշխատակցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վերաբերյալ հարուցվել են 3 վարչական վարույթներ, բոլոր դեպքերով բողոքները մերժվել են: Իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 2 դեպքում կիրառվել է կարգապահական տույժ՝ 1 նկատողություն, 1 նախազգուշացում:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային բաժիններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով տրված ցուցումների, ինչպես նաև դիմում-բողոքների ուսումնասիրությունների հիման վրա նշանակված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 7 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 1 նախազգուշացում, 2 նկատողություն, 3 խիստ նկատողություն, իսկ 1 հարկադիր կատարողի լիազորություններ դադարեցվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել