Սա մեծապես սպորտի ֆինանսավորումը կառավարության կողմից հետևողականորեն ավելացնելու քաղաքականության հետևանքն է. Ժաննա Անդրեասյան

Այս տարվա մեր մարզական հաջողություններով անընդհատ ոգևորվելու առիթ ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ինձ հատկապես ուրախացնում են նաև պատանի մարզիկների հաջողությունները։ Մի քանի օր առաջ հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում երրորդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում՝ հինգ մեդալ գրանցելով: Այսօր ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը առաջին տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնությունում՝ ութ մեդալ գրանցելով։

Գարնանը սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր պատանի մարզիկները մեդալներ գրանցեցին, այդ թվում՝ ոսկի։

Այս ամենը ցույց է տալիս, որ սպորտում հաջողությունները շարունակական ու կայուն լինելու հեռանկար ունեն։ Սա մեծապես սպորտի ֆինանսավորումը կառավարության կողմից հետևողականորեն ավելացնելու քաղաքականության հետևանքն է։

Կառավարությունը ֆինանսավորում է մեր մարզիկների մասնակցությունը հավելյալ մրցաշարերի և հավաքների, ինչն էլ լավ մարզավիճակ պահպանելու և զարգացնելու կարևոր նախապայման է։ Նախորդ շաբաթ էլ կառավարության նիստում նմանատիպ որոշում կայացվեց՝ հավելյալ ավելի քան 300 մլն դրամ ուղղելով տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին։ Էական ազդեցություն ունեն նաև մարզիկների և մարզիչների պարբերական և միանվագ դրամական աջակցությունները, որի շահառու է ավելի քան 330 անձ։ Իսկ կապիտալ ծախսերի մասով նախորդ տարի սպորտի ոլորտի ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 201,8 տոկոսով»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել