Կառավարությունը նախատեսում է բարձրացնել կենսաթոշակի և նպաստների չափերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է նախադրյալներ ստեղծել կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:

Այս ծրագրային դրույթին համապատասխան, նվազագույն և միջին կենսաթոշակի չափի բարձրացումն ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2024-2026թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է:

Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հուլիսի 1-ից սահմանել՝

  • նվազագույն կենսաթոշակի չափը` 36000 դրամ (31600 դրամի փոխարեն),
  • աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամ (21000 դրամի փոխարեն),
  • զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1750 դրամ (1600 դրամի փոխարեն),
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50600 դրամ (46000 դրամի փոխարեն)

բ․ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41400 դրամ (36000 դրամի փոխարեն)

գ․ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38000 դրամ (33000 դրամի փոխարեն)

  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 38000 դրամ (33000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120000 դրամ (90000 դրամի փոխարեն)։

Առաջարկվում է բարձրացնել  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` հաշմանդամության նպաստների դեպքում տարբերակելով նպաստի չափերը։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել՝

  • ծերության նպաստի չափը՝ 36000 դրամ (31600 դրամի փոխարեն),
  • ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39000 դրամ (31600 դրամի փոխարեն)
  • ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37500 դրամ (31600 դրամի փոխարեն)
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36000 դրամ (31600 դրամի փոխարեն)։

Նախագծի ընդունմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար` կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակի չափերը, հիմնական կենսաթոշակի չափը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել