Այս պայմաններում կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության. Արման Թաթոյանը՝ Արմեն Աշոտյանի կալանավորման մասին

Արմեն Աշոտյանին խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով ձերբակալման և կալանքի ներկայացնելու հետ կապված՝ քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ՝ հատկապես հաշվի առնելով, որ ձերբակալումը տեղի ունեցավ արդեն իսկ տևական ժամանակ նախաձեռնված վարույթով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Անհրաժեշտ էր ցույց տալ [հստակ] ազատությունից զրկելու հետ չկապված տևական ժամանակ ընտրված կոնկրետ խափանման միջոցի` բացակայելու արգելքի պայմանների և այդ պայմանները խախտելու միջև կապը:

Մարդու անձնական ազատութան իրավունքի սահմանափակման համար պետությունն ակնհայտորեն պարտավոր է ապահովել իր գործողությունների հստակություն ու հիմնավորումների բարձր աստիճանը:

Այս պայմաններում կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության, առավել ևս որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը տալիս է նման հնարավորություն: Ավելին, այս կարգավորումը նոր օրենսդրության հիմնարար արժեքներից է:

Կոնկրետ դեպքում չի կարող լինել նաև նախաքննության գաղտնիքի հարց, քանի որ քննչական մարմինն ինքը արդեն գործի հանգամանքները հանրայնացրել է:

Այս պարագայում հիմնավորման բեռը պետության պարտավորությունն է:

Քննչական մարմնի հայտարարությունն ունի նաև փաստաբանի ինստիտուտը վարկաբեկող և վտանգներ պարունակող ձևակերպումներ ու մասեր: Նման բնույթի հայտարարությունները, ձևակերպումները պետք է բացառվեն առհասարակ»,-նշել է նա։


Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել