ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով․ Արա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասում նշված է՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

«Հայաստանի Հանրապետության անունից որևէ պաշտոնատար անձ կամ մարմին չի կարող Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերյալ որոշում կայացնել:

2021 թվականի հունվարից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքի զիջումների (այդ թվում՝ Շուռնուխ գյուղի մասը, Սև լիճը և այլն) միակ պատասխանատուն գործող իշխանությունն է, ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Ն.Փ-ի և իր թիմի մանիպուլյատիվ հնարավոր այն թեզերը, որ հանձնված տարածքները Հայաստանի տարածք չեն համարվում, ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության մեղադրանքի մաս են կազմելու: Այդ մեղադրանքի առաջադրմանը օգնելու են Հայաստանի օրենսդրությունը, ինչպես նաև գործադիր իշխանության բազմաթիվ իրավական ակտերն ու կոնկլյուդենտ գործողությունները, որոնք Հայաստանի տարածքի սահմաններում են համարել զիջված տարածքները:

Այնպես, որ թուրք-ադրբեջանական կողմը թող հույս չդնի Հայաստանի գործող իշխանության խորամանկության և թուլակամության վրա: Նրանց ստորագրածը իրավաբանական ուժ չի ունենալու և չի ընդունվելու ժողովրդի կողմից:

Այդ հարցը լուծելու իրավունք ունեցող իշխանության տեր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը թույլ չի տալիս և թույլ չի տալու հայրենիքը հանձնել թշնամուն»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել