Քրեական պատասխանատվություն կսահմանվի հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներակայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվության հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքում (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) ամրագրված է դատական ակտը չկատարելու վերաբերյալ հանցակազմ։ Մասնավորապես՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ տվյալ ակտի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում՝(․․․):

Ներկայումս քրեական պատասխանատվության ենթադրվում է միայն դատական ակտերի չկատարման կամ կատարման խոչընդոտելու համար, եթե կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցներով։ Այնինչ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարելու արդյունքում հարկադիր կատարման ենթակա են ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, այլև այդ թվում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը, քանդման մասին վարչական ակտը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը։

Ընդ որում հարկադիր կատարման ենթակա ակտերի ցանկը տարեցտարի ավելանում է։

Հարկ է նշել, որ վերը հարկադիր կատարման ուղարկվող որոշումները լինում են ոչ միայն գույքային (բռնագանձման), այլև՝ ոչ գույքային բնույթի․ օրինակ՝  վերը նշված հանձնաժողովների կողմից տրված հանձնարարությունները, կամ որոշակի գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնք կատարման ենթակա են անձամբ պարտապանի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից և հնարավոր չէ կատարել հարկադիր կատարման միջոցների կիրառմամբ։

Մասնավորապես՝ գործնականում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ստանալով վերը նշված մարմինների կողմից կայացված որոշումները, ղեկավարվելով Օրենքի 62-րդ հոդվածով կայացնում է որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու մասին որոշում, որի համաձայն՝ պարտապանը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել նշված մարմինների կողմից կայացված վարչական ակտով սահմանված գործողությունների (հանձնարարությունների) կատարումը։ Պարտապանը սահմանված ժամկետում հրաժարվում է ապահովել դրաց կատարումը՝ արդյունքում հարկադիր կատարման ենթակա ակտերը մնում են անկատար։

Հարկ է նշել, որ հարկադիր կատարողը, նշված դեպքերում, գործող իրավակարգավորումներով չունի որևէ լծակ ազդելու պարտապանի վարքագծի վրա կամ այլ միջոցներով ապահովելու այդ ակտերի հարկադիր կատարումը (բացառությամբ, եթե պարտապանը խոչընդոտում է հարկադիր կատարողի օրինական գործողություններին, որի դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն) և դա այն պայմաններում, երբ օրենսդրության զարգացումը միտված է ոչ միայն դատական ակտերի, այլև վարչական ակտերի հարկադիր կատարման պարտադիրության ապահովմանը։ Հարկ է նշել, որ հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքում դրանց կատարման պարտադիրության համար այլ երաշխիքներ չնախատեսելու պայմաններում իմաստազրկվում է վարչական ակտերի կատարման պարտադիրության հանգամանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել