Կառավարությունը հաստատել է և շուտով Ազգային ժողով կուղարկի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրապարակված տեքստում անդրադարձ է կատարվում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին։
«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը տեղի է ունեցել հետևյալ հիմնական ուղղություններով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում և անվտանգություն, հումանիտար հարցեր:
Այս հարցերի քննարկման համար ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ (2022 թվականի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում), 2 քառակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ (որոնցից մեկը՝ հեռավար, մյուսը՝ Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին) և 1 եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ (2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում)։ 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում ևս 1 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ և ԵՄ միջնորդությամբ հանդիպել են 4 անգամ, ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները ՌԴ միջնորդությամբ հանդիպել են երկու անգամ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ՌԴ, ԱՄՆ և այլ գործընկերների միջնորդությամբ հանդիպել են 6 անգամ»:
Զեկույցում նշվում է, որ տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023 թվականի փետրվարի 14-ին:
«ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:
Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների և վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձևավորումը:
2022 թվականին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը, որից հետո տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երեք համատեղ հանդիպում:
2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի հերթական նախագիծը:
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների ուժով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի դրույթների համաձայն։ Սոչիի հայտարարությամբ կողմերը հստակ պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը՝ բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով։
2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի երկու նիստ (ստեղծման օրվանից ի վեր տեղի է ունեցել 11 նիստ): Ապաշրջափակման թեման պարբերաբար քննարկվել է նաև այլ ձևաչափերում: ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է օր առաջ իրագործելու այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:
Բեռների, ապրանքների և քաղաքացիների շարժի նոր հնարավորություններն ակնհայտորեն կմեծացնեն «Հայկական խաչմերուկի» գրավչությունը միջազգային և տարածաշրջանային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ էականորեն ընդգծելով Հայաստանի չիրացված լոգիստիկ դերը տարածաշրջանում, ինչն իր հերթին նաև հավելյալ անվտանգության և կայունության երաշխիքներ կապահովի:
ՀՀ վարչապետի որոշմամբ 2022 թվականի հունվարի 14-ին տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որին ներգրավվել են նաև միջազգային բարձրակարգ փորձագետներ:
Չհասցեագրված են մնում նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ: Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: ՀՀ-ն բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը: 2022 թվականի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը:
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով: ՀՀ-ն միջազգային դատական և դիվանագիտական ատյաններում հետևողականորեն բարձրացնում է բռնի անհետացումների, ինչպես նաև գերիների խոշտանգման և զոհված զինծառայողների դիակների խոշտանգման և անարգման հարցերը:
2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ:
2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝
- 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ,
- գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետևանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ,
- Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի և Քարագլխի դեպքերի և Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։
2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսևորումներին՝ ատելության և հակահայկականության քարոզ, ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետևողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ և վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ և շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։ Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարի 23-ին:
Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են և բարձրացվելու են գույքային և ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ։