ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարա­վոր վայրերի երեք քարտեզ․ հատված՝ Կառավարության զեկույցից

Կառավարությունը հաստատել է և շուտով Ազգային ժողով կուղարկի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրապարակված տեքստում անդրադարձ է կատարվում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին։

«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը տեղի է ունեցել հետևյալ հիմնա­կան ուղղություններով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերու­թյուն­ների հաստատման պայմանագիր, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, տարա­ծաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում և անվտանգություն, հումանիտար հարցեր:

Այս հարցերի քննարկման համար ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախա­գահի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ (2022 թվականի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում), 2 քառակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ (որոնցից մեկը՝ հեռավար, մյուսը՝ Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին) և 1 եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ (2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում)։ 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենում ևս 1 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ և ԵՄ միջնոր­դությամբ հանդիպել են 4 անգամ, ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները ՌԴ միջ­նորդությամբ հանդիպել են երկու անգամ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար­ները ՌԴ, ԱՄՆ և այլ գործընկերների միջնորդությամբ հանդիպել են 6 անգամ»:

Զեկույցում նշվում է, որ տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմա­նագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկում­ներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023 թվա­կանի փետրվարի 14-ին:

«ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայ­մա­նագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամա­բանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեա­գրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսա­նելիու­թյուն և ներգրավվածություն:

Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթեր­ցումների և վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձևավորումը:

2022 թվականին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը, որից հետո տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանա­զատման պետական հանձնաժողովի երեք համատեղ հանդիպում:

2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանա­զատման պետական հանձնաժողովի նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի հերթական նախագիծը:

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանա­վոր­վածությունների ուժով Հայաստանն ու Ադրբեջանը հաստա­տել են իրենց հանձնա­ռու­թյունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականու­թյունն ու ինքնիշխանու­թյունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի դրույթների համաձայն։ Սոչիի հայտարարությամբ կողմերը հստակ պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը՝ բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով։

2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխա­տանքային խմբի երկու նիստ (ստեղծման օրվանից ի վեր տեղի է ունեցել 11 նիստ): Ապաշրջափակման թեման պարբերաբար  քննարկ­վել է նաև այլ ձևաչափերում: ՀՀ-ն հետաքրքրված է տարածա­շրջանի տնտեսական և տրանսպոր­տային  հաղորդակցությունների ապա­շրջա­­փակ­մամբ և պատրաստ է օր առաջ իրագործելու այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Հայկական խաչ­մերուկ» նախագծի շրջանակ­ներում:

Բեռների, ապրանքների և քաղաքացիների շարժի նոր հնարավորություններն ակնհայտորեն կմեծաց­նեն «Հայկական խաչ­մերուկի» գրավչությունը միջազ­գային և տարա­ծաշրջանային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ էականորեն ընդգծելով Հայաստանի չիրացված լոգիստիկ դերը տարածաշրջանում, ինչն իր հերթին նաև հավելյալ անվտանգության և կայունության երաշխիքներ կապահովի:

ՀՀ վարչապետի որոշմամբ 2022 թվականի հունվարի 14-ին տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որին ներգրավվել են նաև միջազգային բարձրակարգ փորձագետներ:

Չհասցեագրված են մնում նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ: Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: ՀՀ-ն բոլոր միջազգային ատյաննե­րում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադա­տության միջազգա­յին դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացի­ների և նրանց վերադարձի խնդիրը: 2022 թվականի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև  անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատե­րազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով: ՀՀ-ն միջազ­գային դատա­կան և դիվանագիտական ատյաններում հետևողականորեն բարձրաց­նում է բռնի անհետա­ցումների, ինչպես նաև գերիների խոշտանգման և զոհված զինծառայող­ների դիակների խոշտանգման և անարգման հարցերը:

2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարա­վոր վայրերի երեք քարտեզ:

2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝

  1. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ,
  2. գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետևանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ,
  3. Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ,
  4. Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի և Քարագլխի դեպքերի և Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։

2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսևորումներին՝ ատելության և հակահայկականության քարոզ, ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետևողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ և վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ և շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։ Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարի 23-ին:

Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են և բարձրացվելու են գույքային և ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել