ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։
Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՌԴ ֆինանսների նախարարության հետ ձևավորված համագործակցային հարաբերությունները: Նախարարը հույս է հայտնել, որ նախարարությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը և դրա շրջանակներում փորձի փոխանակումը կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։
Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին։