Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն աճել է

Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի դրությամբ, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում էպիկենտրոններով ավերիչ երկրաշարժերի զոհ է դարձել 12873 մարդ, ևս 62937-ը տուժել է։ Այս մասին հայտնել են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետեւանքների վերացման գրասենյակից, փոխանցում է Anadolu-ն։

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշի Պազարջիկի և Էլբիստանի շրջաններում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից հետո գրանցվել է 1117 հետցնցում։

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 24727 փրկարար, արտերկրից՝ 5709 մասնագետ։

Այդ թվում կամավորներ, ոստիկաններ, ժանդարմերիա, զինվորականներ, բժիշկներ, հրշեջներ, ՀԿ-ների աշխատակիցներ և այլ կառույցներ, աղետի գոտում աշխատում է ընդհանուր առմամբ 113201 մարդ։

Ընդհանուր առմամբ, աղետի գոտում տեղակայվել է 5557 միավոր տեխնիկա՝ հիմնականում էքսկավատորներ, քարշակ մեքենաներ, կռունկներ, բուլդոզերներ, բեռնատարներ, ջրատարներ, կցանքներ, գրեյդերներ և այլ սարքավորումներ։

Բացի այդ, Թուրքիայի հարավարևելյան և հարավային նահանգներում աղետի գոտուց տուժածների տեղափոխման, ինչպես նաև փրկարարների տեղափոխման, մարդասիրական պարագաների, սարքավորումների և բնակչության տարհանման համար հատկացվել են նավատորմի 20 նավ և առափնյա պահպանության 2 նավ։

————————

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Նույն օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ 10-11 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հետևել են հազարավոր հետցնցումներ։

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։

Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել