Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, այս մասին փետրվարի 6-ին հայտնել է սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցչին․ գրում է ТАСС-ը։

Լրատվականի տեղեկացմամբ՝ տուժել է առնվազն 639 մարդ։ Նշվում է, որ տուժածների և զոհերի մեծ մասը Լաթաքիա, Հալեպ, Համա և Տարտուս նահանգներերից են։ Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին 111 զոհվածների մասին։

Սիրիայի Դամասկոսի կողմից չվերահսկվող շրջաններում տուժածների, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվում։

Ինչպես իր հերթին հայտնել է SANA-ն, հանրապետության պաշտպանության նախարարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ստորաբաժանումները, կազմավորումները երկրի բոլոր մարզերում՝ երկրաշարժից տուժած բնակչությանը անհապաղ օգնություն ցուցաբերելու, փլատակներում մնացած մարդկանց որոնելու, ավերածությունների հետևանքները վերացնելու համար։

Արաբական Հանրապետության առողջապահության նախարարի օգնական Ահմեդ Դումեյրիան ընդգծել է, որ «սրանք դեռ վերջնական թվեր չեն, և զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են»։ «Շտապ գործողությունների ծրագիր է իրականացվում, երկրի բոլոր բժշկական հաստատությունները մոբիլիզացվել են օգնություն ցուցաբերելու համար։ Մյուս շրջաններից բժիշկների, շտապօգնության մեքենաների և դեղամիջոցների թիմեր են ուղարկվել Հալեպ, Լաթաքիա և Համա»,- ասել է Դումեյրիան։

Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն): Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: 6,5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը նույնպես տեղի է ունեցել Գազիանթեփում։ Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել