Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը կազմակերպել է Ադրբեջանի իշխանությունը, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնության հետ կապ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։
«Երբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը, այսպես կոչված, բնապահպանների միջոցով։ Ես չգիտեմ՝ «բնապահպանների» մեջ գեներալի, կապիտանի պաշտոնով մարդիկ կա՞ն, թե՞ չէ: Բայց, այն, որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցիչներ են, միանշանակ է: Այս առումով Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնության հետ կապ չունի: Իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։