3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ․ Նիկոլ Փաշինյանը նոր ռեկորդի մասին հայտնեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է հանրապետությունում գրանցված աշխատատեղերի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշներին և նշել. «2022 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը: Այսինքն՝ նոյեմբերի տվյալներով մենք ունենք 701 451 աշխատատեղ:

Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ այսպիսով 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 153 462 աշխատատեղ՝ արձանագրելով 28 տոկոսի աճ: Նաև պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում համախառն աշխատավարձի ֆոնդն, ըստ էության, գրեթե կրկնապատկվել է, ավելացել է շուրջ 89 միլիարդ 220 միլիոն դրամով կամ 92.3 տոկոսով:

Շատ կարևոր եմ համարում նաև, որ եկամտային հարկի ծավալները նույնպես ամսական էականորեն ավելացել են: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ այս բոլոր ցուցանիշներով ավելացումները ոչ միայն 2018 թվականի նկատմամբ են, այլև նախկինում արձանագրված բոլոր ժամանակների նկատմամբ: Այսինքն՝ այս տարվա նոյեմբերը հոկտեմբերի նկատմամբ, նոյեմբերը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ և այսպես շարունակ:

Մի կարևոր ցուցանիշի վրա եմ ուզում մեր ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել: Միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը, պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի նոյեմբերի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 44 931 դրամով, կամ 20.4 տոկոսով: Սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ է կարևոր: Սա նշանակում է, որ մեր հանրության աշխատող հատվածը հաջողությամբ դիմակայել է գնաճին, որովհետև տարեկան գնաճը շատ ավելի ցածր է, 8.5 տոկոս է: Միջին աշխատավարձի ավելացումը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ ավելացել է 20.4 տոկոսով: Սա ամենակարևոր ազդակն է, որ մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին: Իհարկե, նաև հույս ունեմ այն քաղաքականության շնորհիվ, որ կառավարությունը վարում է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել