Շատ հետաքրքիր զարգացումներ են ընթանում Նախիջևանում․ ադրբեջանագետ

Որոշ ժամանակ առաջ գրել էի, որ Ադրբեջանում դեռևս փորձագիտական մակարդակով խոսակցություններ են ընթանում Նախիջևանի ինքնավար հանրապետության՝ ինքնավար կարգավիճակի վերացման վերաբերյալ: Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Նշեմ, որ ՆԻՀ-ը ղեկավարում է Վասիֆ Թալիբովը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 1993 թվականից՝ Հեյդար Ալիևի իշխանության գալուց ի վեր: Այսօր ադրբեջանական մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը «հատուկ գործողություն» է իրականացնում Նախիջևանի մաքսային կոմիտեի վարչական շենքում:

Ուշագրավ է, որ այդ մաքսային կոմիտեի ղեկավարը Ադրբեջանի ԳԱԱ ղեկավարի որդին է, իսկ նրա տեղակալը՝ Թալիբովի կնոջ եղբայրն է: Հրապարակվող տեղեկության համաձայն՝ «հատուկ գործողությունը» կապված է մեծ գումարների շորթման հետ: Ինչո՞վ է այս ամենը հետաքրքիր: Իմանալով Ալիևի գործելաոճը՝ ըստ իս՝ միանգամայն հավանական է, որ առաջիկայում Թալիբովն ինքը հրաժեշտ տա զբաղեցրած պաշտոնին: Եվ այդ ֆոնին կակտիվանան ինքնավարության վերացման մասին խոսակցությունները, քանի որ Ալիևը նպատակ ունի բոլորին ցույց տալ, որ որևէ ինքնավարություն Ադրբեջանում չի կարող լինել»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել