Գիտական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Գիտության համաշխարհային օրը ևս մեկ առիթ է ընդգծելու գիտության կարևոր դերը հասարակությունների կյանքում, իրազեկել քաղաքացիներին գիտության միտումների մասին, խրախուսել ազգային և միջազգային միասնականությունը, համաշխարհային հանրությանը համախմբել գիտության շուրջ: Այս մասին գրառում է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Հանուն խաղաղության և զարգացման այս կարևոր համաշխարհային օրը, Պոլիտեխնիկը լինելով ինժեներական համալսարան միանում է միջազգային օրվան իր տարաբնույթ բովանդակային միջոցառումներով:
Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ կարևոր այս օրը հյուրընկալել ենք Եվրոպայի տիեզերական գործակալության LARES տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, Բրիտանական Թագավորական աստղագիտության միության անդամ, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանին:
Ֆիզիկակամաթեմատիկական գիտությունների դոկտորին աստղաֆիզիկայի բնագավառում կատարած բացահայտումների և գիտության մեջ ունեցած ավանդի համար պարգևատրել եմ ՀԱՊՀ վաստակագրով:
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Գուրզադյանը նշեց, որ Պոլիտեխնիկն իր ներուժով, լինելով ստրատեգիական կարևոր նշանակության համալսարան, կարևոր առաքելություն է իրականացնում Հայաստանի զարգացման գործում:
Ուզում եմ ընդգծել, որ Վահագն Գուրզադյանին հյուրընկալումը յուրահատուկ թելերով շղթայում է մեր համալսարանին: Հայրը՝ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը՝ ԽՍՀՄ-ում տիեզերական աստղագիտության հիմնադիրը, Պոլիտեխնիկի շրջանավարտն է և համալսարանի պատմության մեջ միակ ուսանողը, որը միաժամանակ ավարտել է երկու ֆակուլտետ:
Ակնհայտ է, որ պոլիտեխնիկական մեծ ընտանիքը թողարկել է անգերազանցելի կադրեր՝ աշխարհի մակարդակով և Գրիգոր Գուրզադյանը օրինակներից մեկն է:
Ուսանողները հնարավորություն ունեցան լսելու պրոֆեսորի դասախոսությունը՝ «Տիեզերական սարքաշինություն․ բնության օրենքների ստուգումը արբանյակների միջոցով» թեմայով:
Ընդամենը վերջերս ֆրանսիական Գվիաննայից արձակվել է LARES – 2 լազերային անդրադարձման արբանյակը: Գիտական ծրագիրը առաջարկել էին մի քանի հեղինակավոր մասնագետներ, որոնց թվում էր նաև պրոֆեսորը՝ Հայաստանից:
Արբանյակի արձակման գիտական խորհրդի կազմում ևս եղել է Վահագն Գուրզադյանը:
Բանախոսը ուսանողներին ներկայացրեց նաև արբանյակի արձակման անհրաժեշտությունը, որն իր խոսքով հեղափոխական է համաշխարհային գիտության համար:
Գիտության համաշխարհային օրը՝ երկնքից Երկիր Պոլիտեխնիկում: Պրոֆեսորը հայտնեց իր պատրաստակամությունը՝ ինչպես ակադեմիկոս հայրը, հիմա էլ ինքը, միանալ Պոլիտեխնիկի մեծ ընտանիքին՝ համատեղ իրականացնելու նորարար ծրագրեր տիեզերական սարքաշինության ոլորտում»,-նշել է նա: