Եվրախորհրդարանի լիբերալ խմբակցության անդամներն առաջարկել են Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկին հրավիրել խորհրդարանական լսումների՝ քննարկելու սոցիալական ցանցում նրա կողմից իրականացվող բարեփոխումները։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Խմբակցության Twitter-ի գրառման մեջ նշված է, որ համապատասխան նամակն ուղարկել են Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։
«Եվրախորհրդարանում Մասկի հետ լսումները թույլ կտան Եվրախորհրդարանին պարզաբանել նրա գործողություններն ու ծրագրերը: Նրա գործողությունները մտահոգություն են առաջացնում։ Խոսքի ազատություն, այո։ Սակայն մենք չենք կարող հանդուրժել եվրոպական իրավունքի խախտումները կամ վերադարձը «վայրի արևմուտք»»․ գրել է առաջարկի հեղինակներից մեկը։
Եվրախորհրդարանի պատգամավորները, մասնավորապես, վախենում են սոցիալական ցանցում «նորմերի թուլացումից», քանի որ հենց այս պահին տարվում է շատ կարևոր պայքար՝ ընտրություններին միջամտելու, ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ։
«Մասկը պետք է գա մեզ մոտ, որպեսզի հասկանա Եվրոպայում խաղի կանոնները»,-իր հերթին գրել է Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավորը։
SpaceX-ի և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը։ Նա խոստացել է արդիականացնել սոցցանցը՝ այն բաց դարձնելով բոլոր կարծիքների համար։