Նոյեմբերի 1-ին Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, համագործակցելով բաժնի այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք։ Արմավիրի բաժնի սպասարկման տարածքի տարբեր բնակավայրերում ձերբակալվել ու բաժին են տարվել Արմավիրի մարզում բնակվող տարբեր տարիքի տղամարդիկ՝ մի քանիսը մեքենաներով հանդերձ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Հայտնաբերվել են նաև դանակներ՝ գաղտնի փականով ու պատյանով։ Դեպքերի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հանգամանքները պարզվում են։