Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հայանիստ գյուղի Հայկ Բժշկյանց փողոցի գիշերային ակումբում վիճաբանություն էր եղել Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի 34-ամյա մի բնակչի և երևանցի երկու եղբայրների միջև:
Այս մասին հատնում են ոստիկանությունից։
Վիճաբանությունն այնուհետև շարունակվել էր դրսում: Եղբայրները ծեծի էին ենթարկել 34-ամյա արևաշատցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ ստացված տեղեկության՝ եղբայրները խուլիգանությունը կատարել էին գազային ատրճանակի գործադրմամբ:
Դեպքի առթիվ հոկտեմբերի 1-ին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Հոկտեմբերի 10-ին 28-ամյա եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Նրանք ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: