Ձերբակալված անձն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է ստանալ մինչև քսան կիլոգրամ հանձնուք, իսկ կալանավորված անձը` ամսվա ընթացքում մինչև յոթանասուն կիլոգրամ: Նրանք սահմանված չափի հանձնուքները կարող են ստանալ միանվագ կամ մաս-մաս:
Կալանավորված անձանց անունով ստացված դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշվին: Նրանք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների և այլ անձանց դրամական հաշվին:
Ձերբակալված անձանց անունով դրամական փոխանցումներ կատարելն արգելվում է:
Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձանց անունով ստացվող դեղորայքի քանակը չի սահմանափակվում: Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիսի նյութեր, առարկաներ, որոնք մարդկանց առողջությանը վտանգ են սպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքի և կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը:
Ձերբակալված կամ կալանավորված անձին արգելված առարկաներ, նյութեր փոխանցելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: