Ո՞ր դեպքերում կարող է վերահսկվել քաղաքացու նամակագրությունը

Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից ստացվող նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներում (այսուհետ` նամակագրություն) կարող են պարունակվել գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, քննիչը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դատարանին` նշված անձանց նամակագրությունը վերահսկելու համար:

Քննիչն ստորագրությամբ կապի հաստատության պետին, իսկ անհրաժեշտության դեպքում` տվյալ հաստատության այլ ծառայողներին, ծանոթացնում է զննում և առգրավում կատարելու մասին որոշմանը և տվյալ հաստատության աշխատողների թվից առանձնացված ընթերակաների մասնակցությամբ բացում և զննում է նամակագրությունը:

Այնպիսի փաստաթղթեր, առարկաներ հայտնաբերելիս, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը կատարում է համապատասխան առաքումների առգրավում կամ սահմանափակվում է դրանցից պատճեններ հանելով: Այն տվյալների բացակայության դեպքում, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը ցուցում է տալիս զննված նամակագրությունը հասցեատիրոջը հանձնելու կամ այն իր կողմից սահմանած ժամկետում պահելու մասին:

Նամակագրությունը զննելու կամ պահելու յուրաքանչյուր դեպքի մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է ում կողմից, որտեղ, երբ և կոնկրետ որ նամակագրությունն է պահվել կամ ենթարկվել զննման, ինչ է վերցվել, ինչը պետք է հանձնվի հասցեատիրոջը կամ ժամանակավորապես պահվի, որ նամակագրությունից են հանված պատճենները, ինչպիսի տեխնիկական միջոցներ են օգտագործվել և ինչ է հայտնաբերվել:

Քննչական գործողությանը մասնակցած բոլոր անձինք պետք է ծանոթացվեն արձանագրությանը, որը նրանք հաստատում են իրենց ստորագրություններով, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել դրա մեջ մտցնել իրենց դիտողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել