Կովը` ամբաստանյալի աթոռին

Միջին դարերում ոչ հազվադեպ էին հանդիպում կենդանիների համար նախատեսված դատավարություններ` դատավարության բոլոր կանոններով և մասնակիցների (մեղադրյալ, փաստաբան, վկա) մասնակցությամբ:

Մեղադրյալ կարող էր հանդիսանալ ցանկացած կենդանի` խոշոր եղջրավոր անասուններից սկսած մինչև անգամ փոքր բզեզներ:

Տնային կենդանիներին, որպես կանոն, մեղադրում էին մոգության համար` դատապարտելով մահապատժի, իսկ վայրի կենդանիների համար հաճախ պատիժ էր նախատեսվում երկրից վտարելը: Վերջին նման պատժի 1740 թվականին ենթարկվել էր մի կով:

«Մխիթար Գոշի Դատաստանագրքում նշվում է, որ կենդանիները և անշունչ առարկաները հանցագործության սուբյեկտներ չեն. մահ պատճառող կենդանուն սպանում են, բայց պատիժը կենդանու համար չէ, այլ մարդկանց, որովհետև միայն նրանք կարող հանցագործության սուբյեկտ լինել:

Գոշը նշում է նաև` եթե եզը որևէ մարդու մահվան պատճառ դառնա, ապա նրան քարկոծելու և սպանելու փոխարեն պետք է մորթել, միսը վաճառել անհավատներին, իսկ գումարը բաժանել աղքատներին»,- այս մասին Իրավաբան.net–ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

Վերջինիս խոսքով` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, ով հանցանք կատարելու պահին հասել է քրեական օրենսգրքով սահմանված տարիքի:

Օրենքում սահմանված «միայն» եզրույթը վկայում է այն մասին, որ կենդանիները, իրերը, բնության ուժերը, որոնք պատճառել են գույքային կամ այլ վնաս, չեն կարող դիտվել որպես հանցագործության սուբյեկտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել