Ոմանց թվում է, թե հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր գործածելով իրենք «ժամանակակից» են դառնում, սակայն այդպես չէ։ Զարգացած պետություն ունենալու կարևոր նախապայմաններից է մեր մայրենի լեզուն ժամանակին համաքայլ պահելը։
Այս մասին հայտնում է Լեզվի կոմիտեն։
Ներկայացնում ենք օտար բառերի հերթական ցանկը և հորդորում գրավոր ու բանավոր խոսքում շրջանառության մեջ դնել դրանց հայերեն համարժեքները։
Օտար բառերի հայերեն համարժեքները փնտրելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե.հայ) որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/
- ադմիրալ – ծովակալ
- ամբիցիա – հավակնություն, նկրտում
- ամպլիտուդա – լայնույթ
- անեմիա – սակավարյունություն
- անտիթեզ – հակադրույթ
- ապոստրոֆ – ապաթարց
- ավտոմատ – 1. ինքնաձիգ, 2. ինքնաշխատ, 3. մեքենայորեն/մեքենաբար
- բիբլիոգրաֆիա – մատենագիտություն
- գիրլյանդա – դրասանգ, ծաղկաշղթա
- դինաստիա – արքայատոհմ, հարստություն
- դուբլիկատ – կրկնօրինակ
- էթնոգրաֆիա – ազգագրություն
- էսթետիկա – գեղագիտություն
- էվֆեմիզմ – մեղմասություն
- էքսպլուատացիա – շահագործում
- էքստրասենս – պայծառատես
- լիմֆատիկ – ավշային
- լոգոտիպ – տարբերանշան, պատկերանիշ
- կարիկատուրա – ծաղրանկար
- կրիպտոգրաֆիա – գաղտնագրություն
- մոզաիկա – խճանկար
- պանտոմիմա – մնջախաղ
- պաուզա – դադար
- սանատորիա – առողջարան
- սոցիում – հանրույթ
- ստադիա – փուլ, շրջան
- ստերիլիզացիա – 1. մանրէազերծում, 2. վարակազերծում, 3. ստերջացում, ամլացում
- ստյուարդեսա – ուղեկցորդուհի (օդանավի)
- տելեսկոպ – աստղադիտակ
- տրագեդիա – ողբերգություն։