Երևանի քաղաքապետի որոշումներով դպրոցների տնօրեններ են ազատվել պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 17-ին և 18-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն դպրոցների տնօրեններ են ազատվել պաշտոնից։

Iravaban.net-ը տեղեկանում է, որ քաղաքապետի օգոստոսի 17-ի որոշմամբ լուծվել է Երևանի Համո Սահյանի անվան համար 70 հիմնական դպրոցի տնօրենի հետ կնքված պայմանագիրը, նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային
կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով և 5-րդ մասով, «Երևանի Համո Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 69-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Սահակ Փարվանյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «գ» ենթակետը և Սահակ Փարվանյանի դիմումը՝

1. Սահակ Փարվանյանին՝ 2022 թվականի օգոստոսի 17-ից ազատել «Երևանի Համո Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի Համո Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արփինե Խաչատրյանին»:

Օգոստոսի 18-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Լիլիա Պողոսյանի հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1.Լիլիա Պողոսյանին` 2022 թվականի օգոստոսի 23-ից ազատել Երևանի «Սիամանթոյի անվան հ.162 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

Iravaban.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում։ Այս հիմքով էլ տնօրեններն ազատվել են պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել