Ինչպե՞ս փոխել տարածքի գործառնական նշանակությունը

Բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը արտադրական, հասարակական կամ այլ գործառնական նշանակության իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Բնակարանների գործառնական նշանակությունը փոխելու կարգը սահմանվում է ՀՀ Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88-Ն «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների (հոդվածում այսուհետ` շենքեր և շինություններ) կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» որոշմամբ (Որոշում):

Շենքերի և շինությունների գործառական նշանակությունը փոփոխելիս որպես պատվիրատու հանդես է գալիս տվյալ շինության սեփականա տերը կամ համապատասխան լիազորություններով օժտված անձը:

Համայնքի ղեկավարը պատվիրատուին` նրա կողմից ներկայացված հայտի հիման վրա, սահմանված կարգով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, որոնց համար չի պահանջվում շինարարության և (կամ) քանդման թույլտվություն) տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք:

Շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերում` բազմաբնակարան շենքերում բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը հասարակական գործառնական նշանակության, որպես գրասենյակ օգտագործելու համար կատարվում է համայնքի ղեկավարի կողմից` բնակարանի սեփականատիրոջ դիմում-հայտի հիման վրա: Բնակարանի սեփականատերը (կամ նրա կողմից լիազորված անձը) բնակարանի գործառնական նշանակության փոփոխության նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է Որոշման N 2 հավելվածով հաստատված N 1 ձևին համապատասխան դիմում-հայտ` կցելով դրանում նշված փաստաթղթերը:

Շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերում` բազմաբնակարան շենքերում հասարակական գործառնական նշանակությամբ` որպես գրասենյակ օգտագործվող տարածքի գործառնական նշանակության փոփոխումը բնակելի գործառնական նշանակության կատարվում է համայնքի ղեկավարի կողմից` տվյալ տարածքի սեփականատիրոջ դիմում-հայտի հիման վրա: Տվյալ տարածքի սեփականատերը (կամ նրա կողմից լիազորված անձը) տարածքի գործառնական նշանակության փոփոխության նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է Որոշման N 2 հավելվածով հաստատված N 2 ձևին համապատասխան դիմում-հայտ` կցելով դրանում նշված փաստաթղթերը:

 

N 2 հավելվածով հաստատված NN 1 և 2 ձևերին համապատասխան՝ ներկայացված դիմում-հայտի և կից փաստաթղթերի ներկայացման օրվանից համայնքի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում գործառնական նշանակության փոփոխման մասին կամ մերժում է այն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել