Արգելվում է՝ նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ․ տեսչական մարմինը զգուշացնում է

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային բուսածածկ և խոտածածկ վայրերում կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։ Այս մասին հայտնում է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկին հիշեցնում է, որ անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները։

Արգելվում է՝

🔺 նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդ,
🔺այրել չոր խոտի խոզանը (բացի վերահսկելի այրումից, որն իրականացվում է սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),
🔺շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,
🔺օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
🔺Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
🔺թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր,
🔺բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հրդեհի բռնկման պատճառ լինել։

Հրդեհների կանխարգելման համար արգելվում է՝

🔺Վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ այն միներալիզացված շերտով առանձնացնելով խոտածածկ հատվածից և վերջում մարել ջրով կամ` ծածկել հողով»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել