Ընտրական վեճերի գործընթացների հստակեցում` դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով`չի կատարվել․ զեկույց

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ նպատակով նախատեսված է ընտրական օրենսդրության բարեփոխումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ ընտրական վեճերի գործընթացների հստակեցում` դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով`չի կատարվել։

ԻՀԱ վերլուծության մեջ ասվում է, որ ըստ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) բողոքարկվել է և վարչական, և դատական կարգով, ապա վարչական վարույթը կարճվում է: Դատական կարգով ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վարչական դատավարության օրենսգիրքը Վարչական դատարանին պարտավորեցնում է ընտրական վեճերը լուծել յոթնօրյա ժամկետում:

Մասնավորապես, Վարչական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածը սահմանում է. «Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա` սույն գլխին համապատասխան հարուցված գործերն են (այսուհետ` ընտրական գործ):», իսկ 209- րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է. «7. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները քննվում և լուծվում են հայցադիմումները ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրացուցային օրվա ընթացքում»։

Հասկանալու համար կատարվել, թե ոչ Ռազմավարության ընտրական վեճերի գործընթացները հստակեցմանը՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով առանձնահատուկ նպատակը, մասնավորապես Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ վեճերի լուծման համար Վարչական դատարանի համար սահմանված 7 օրյա ժամկետը, դիտարկենք 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները:

Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար: Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին: «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը Մամիկոն Ասլանյանն է, ով հանդիսանում է նաև «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու:

Հայց 1 (ՎԴ/13178/05/21 վարչական գործ)

Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած, սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և մանդատների բաշխմանը չմասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ստացել է ընտրությանը մասնակցած ընտրողների 1314 կողմ ձայներ, ընտրողների ձայների 3,97 տոկոսը) 2021թ. դեկտեմբերի 15-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 12.12.2021 թվականի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և 2021թ. դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով, որի պատճառով չեն կայացել և հետաձգվել են համայնքի ղեկավարի ընտրությունները: Այս գործով պատասխանող է հանդիսանում 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

ՀՀ վարչական դատարանի 21.12.2021թ. վճռով հայցը մերժվել է` փաստելով վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայցվորի կողմից 23.12.2021 թվականին բերվել է վարչական վերաքննիչ բողոք, որի ընդունումը մերժվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից սույն թվականի դեկտեմբերի 16-ին:

Հայցվորի կողմից 17.01.2022 թվականին բերվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 16.02.2022 վերադարձվել է որոշմամբ նշված սխալը շտկելու և
վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից:

Հայց 2 (ՎԴ/13416/05/21 վարչական գործ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ՀՀ վարչական դատարան 23.12.2021թ., ներկայացվել է հայցադիմում ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ավագանուն Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալու, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց ձեռնպահ մնալու, և/կամ ոչ իրավաչափ ճանաչել Վանաձոր համայնքի աշխատակազմի Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը, պահանջների մասին:

Հայցադիմումը դատարանի կողմից 24.12.2021թ. ընդունվել է վարույթ, հայցվորը միջնորդել է նաև կիրառել հայցի ապահովում, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, դատարանի 24.12.2021թ. որոշմամբ կիրառվել է հայցի ապահովում, այն է՝ Պատասխանողներին արգելել համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը՝ մինչև թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։Ինչպես արդեն նշվել է ՎԴ/13178/05/21 վարչական գործով հայցվորի կողմից 23.12.2021 թվականին բերվել է վարչական վերաքննիչ բողոք, որի ընդունումը մերժվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից սույն թվականի դեկտեմբերի 16-ին, սակայն ոչ օրինական կերպով հայցի ապահովումը չի վերացվել: Ավելին 07.02.2022 թվականին ՀՀ վարչական դատարանի կողմից «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ներկայացրած՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է և դատաքննության օր է նշանակվել 2022 թվականի հուլիսի 7-ը:

Սույն գործով դատական բողոքարկման 7 օրյա ժամկետը ավարտվել է դեռևս 2021 թվականի դեկտեմբեր 21-ին, սակայն մինչ օրս Վանաձորի ավագանին չի կարողանում նիստ գումարել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ սահմանված ՏԻՄ իշխանությունը իրականացնելու համար: Սա նշանակում է, որ ընտրական վեճերի գործընթացների օրենսդրական կարգավորումները ընթացակարգերի և ժամկետների մասով ունեն համակարգային խնդիրներ, որոնց պատճառով կարող են արգելակվել յուրաքանչյուր ընտրովի սահմանադրական մարմնի գործունեություն:

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան։

Ընտրական վեճերի գործընթացները հստակեցում` դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով իրավակարգավորումների և պրակտիկայի վերլուծությունը, թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ չի իրականացվել Ռազմավարության ընտրական վեճերի գործընթացները հստակեցմանը՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով առանձնահատուկ նպատակը: Մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ վեճերի լուծման համար Վարչական դատարանի համար սահմանված 7 օրյա ժամկետը պրակտիկայում չի կիրառվել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցած Վանաձոր խոշորացված համայնքի Ուստի անհրաժեշտ է Ընտրական և Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություների կատարման միջոցով ապահովել, որ Վարչական դատարանը ընտրական վեճերը լուծի բացառապես յոթնօրյա ժամկետում:

Վերլուծության եզրակացության և առաջարկությունների բաժնում անդրադարձ է կատարվել նաև այս գործողությանը։ Դրանում ասվում է․ «Ընտրական վեճերի գործընթացները հստակեցում` դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով իրավակարգավորումների և պրակտիկայի վերլուծությունը, թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ չի իրականացվել Ռազմավարության ընտրական վեճերի գործընթացները հստակեցմանը՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցով առանձնահատուկ նպատակը, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ վեճերի լուծման համար Վարչական դատարանի համար սահմանված 7 օրյա ժամկետը պրակտիկայում չի կիրառվել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերաբերյալ ընտրական վեճի մասով։

Անհրաժեշտ է Ընտրական և Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություների կատարման միջոցով գործնականում ապահովել, բացառապես յոթնօրյա ժամկետում, ՏԻՄ ոլորտի ընտրական վեճերը լուծումը Վարչական դատարանի կողմից»:

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել