Ռադան պատրաստվում է անվստահություն հայտնել Ուկրաինայի օմբուդսմենին

Ժողովրդական պատգամավորները ստորագրություններ են հավաքել Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային անվստահություն հայտնելու համար, հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության խոսնակ Յուլիա Պալեյչուկը, հայտնում է Интерфакс-Украина-ն։

Նրա խոսքով՝ խմբակցության անդամները միաձայն են որոշել նախաձեռնել Դենիսովայի անվստահություն հայտնելը, որին հաջորդել է նրա հրաժարականը՝ համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի։

Նշվում է, որ պատերազմի սկզբից և ուկրաինացիների տառապանքներից ի վեր Դենիսովան գրեթե չի կատարել իր լիազորությունները, այն է՝ կազմակերպելու մարդասիրական միջանցքներ, պաշտպանելու և փոխանակելու գերիներին, հակազդելու գրավյալ տարածքներից մարդկանց և երեխաների արտաքսմանը և մարդու այլ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողություններ։

«Օմբուդսմենի լրատվական աշխատանքի անհասկանալի կենտրոնացումը գրավյալ տարածքներում «անբնական ճանապարհով կատարված սեռական հանցագործությունների» և «մանկական բռնաբարության» բազմաթիվ մանրամասների վրա, որոնք ապացույցներով չհիմնավորվեցին, միայն վնասեցին Ուկրաինային և շեղեցին աշխարհի ուշադրությունը։ Բացի այդ, փետրվարի 24-ից հետո երկար ժամանակ Գերագույն ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարն անցկացրել է արտասահմանում, բայց ոչ Ռուսաստանում կամ Բելառուսում, որտեղ նրա կարգավիճակն ու լիազորությունները կարող էին օգնել գերիներին, տեղահանվածներին։ Նա եղել է Դավոսում, Վիեննայում, Վարշավայում և Արևմտյան Եվրոպայի հանգիստ, ջերմ այլ վայրերում: Արդեն այսօր՝ մայիսի 31-ին, տիկին Դենիսովան կարող է պաշտոնանկ արվել զբաղեցրած պաշտոնից»,- հավելել է Պալեյչուկը։

Ավելի վաղ ճեպազրույցում Դենիսովան ասել էր, որ իրեն անվստահություն հայտնելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ ժողովրդական պատգամավորների ստորագրահավաք է սկսվել։ Գերագույն Ռադան Դենիսովային նշանակել է մարդու իրավունքների հանձնակատար 2018 թվականի մարտի 15-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել