Ստամբուլի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում, որը ցեղասպանության տարիներին կրում էր Թաթավլա անունը, հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորկաննների հիշատակին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
107 տարի առաջ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ հենց այս թաղամասում սկսվեց հայ մտավորականության ձերբակալությունը:
Հարգանքի տուրք է մատուցվել նաև «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին և Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ Սևակ Բալըքչըին:
Միջոցառմանը մասնակցել է Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը: Միջոցառման մասնակիցները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին առերեսվել իրականության հետ և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Այլևս չենք ցանկանում, որ այս հողերը տեսնեն Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին, Բեհաեդդին Շաքիրին»,- նշվել է հայտարարության մեջ:
«Ցանկանում ենք, որ այս հողերը բոլոր ժողովուրդների և հավատքների համար շարունակեն լինել մի հայրենիք, որը կունենա Զաբել Եսայանի, Կոմիտասի, Մկրտիչ Մարգոսյանի, Հրանտ Դինքի, Սարգիս Սերոփյանի, Ահմեթ Քայայի, Յաշար Քեմալի, Թահիր Էլչիի եղբայրական ոգին»,-նշել են միջոցառման մասնակիցները: