Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ պարբերության օրինակով Ուկրաինայի համար որպես երաշխավոր հանդես գալուն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Տեսեք, մենք դեմ չենք Ուկրաինայի երաշխավոր դառնալուն, բայց ուկրաինական կողմը ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ կետի օրինակով երաշխիք է պահանջում, դրան դեմ են և՛ Միացյալ Նահանգները, և՛ Մեծ Բրիտանիան, այդ թվում՝ մենք։ Անհրաժեշտ է, որ բոլոր երաշխավոր երկրներն ընդունեն պայմանները և հետագա ռիսկերը»,- ասել է Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում, ի թիվս այլ բաների, ասվում է, որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում նրանցից մեկի (պայմանավորվող կողմի-խմբ.) կամ մի քանիսի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում ընդհանուր առմամբ նրանց վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։