Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամով․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է

Կառավարության ապրիլի 7-ի նիստում կքննարկվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենաների գնման նախագիծը։

Toyota RAV 4

Toyota RAV 4

Նշվում է, որ խորհրդարանի խոսնակի համար գնվող 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Բոլոր մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից։

Ըստ հիմնավորման՝ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար:

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը․․․Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ վերջերս Ալեն Սիմոնյանը փոխել էր նաև իր նախկին ծառայողական մեքենան, նշում էին, որ անսարք է, այժմ այն հանվել է վաճառքի, և նշվում է, որ մեքենան խնդիրներ չունի։ Ալեն Սիմոնյանին այժմ սպասարկում է վերջերս բյուջեով ձեռք բերված մեքենա՝ 90 մլն դրամ արժողությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել