Արթուր Ս.-ն 2021 թվականի մայիսի 12-ին, ժամը 15:00-ի սահմաններում, նախապես պայմանավորվածության համաձայն Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքում հանդիպել է Ք․ Հ.-ին, ում հետ գտնվում է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ:
Այս մասին Իրավաբան. net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հունվարի 18-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հանդիպումից հետո Արթուր Ս.-ն առաջարկել է իր «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայով տուն ճանապարհել: Կինը համաձայնել է և իր ցանկությամբ նստել ավտոմեքենան: Արթուր Ս.-ն Քրիստինե Հ.-ին տարել է «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրի տարածք, որտեղ զրուցել են իրենց անձնական հարաբերությունների շուրջ, որից հետո Արթուր Ս․-ն վերցրել է Ք․ Հ․-ի բջջային հեռախոսը և սկսել է ուսումնասիրել հեռախոսազանգերն ու նամակագրությունները, որպեսզի պարզի, թե արդյոք կինն անհավատարիմ է իրեն:
Արթուր Ս.-ն նկատել է, որ կինը նախորդ օրը, ժամը 06:00-ի սահմաններում, կարճ հաղորդագրությամբ մորը տեղեկացրել է, որ տուն կվերադառնա մեկ ժամից, զայրացել ու սկսել է պարզաբանում պահանջել՝ գիշերվա այդ ժամին տանից բացակայելու և այդ պահին իր գտնվելու կոնկրետ վայրը հայտնելու վերաբերյալ:
Նա՝ չհավատալով կնոջ պարզաբանումներին, սկսել է ձեռքերով դիտավորությամբ հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Կնոջը պատճառել է ստորին շրթունքի ներսային մակերեսի սալջարդ վերքի, 11-րդ ատամի աննշան շարժունակության, կզակի, ձախ բազկի, աջ ուսահոդի, կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ թիակային, ձախ ազդրի շրջանների արյունազեղումների, ձախ արմնկահոդի հետին մակերեսի քերծվածքի տեսքով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Արթուր Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) և 113-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի *112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ) հատկանիշներով:
Արթուր Ս.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ կալանավորումը:
*Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը