Ընտանեկան բռնությունների հիմնական պատճառները

Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում է նրան իր կամքը: Սակայն սոցիալական հետազոտություններից ու մեր կյանքի իրողություններից գիտենք, որ ընտանեկան բռնությունները չափազանց տարածված են` դրանք անտեսելու համար:

Այդ մարդիկ կարող են լինել ամուսնացած, ամուսնալուծված կամ կարող են ամուսիններ չլինել, կարող են ապրել համատեղ կամ պարզապես հանդիպել: Այն կարող է կատարվել մշտապես կամ ժամանակ առ ժամանակ: Ցանկացած մարդ կարող է ընտանեկան բռնության զոհ լինել անկախ ռասսայից, սեռից, տարիքից և կրոնից:

ՀՀ-ում ընտանեկան բռնության հիմնականում ենթարկվում են կանայք և երեխաները, և հատկապես գյուղական համայնքներում:

Ընդհանրապես բռնությունն ընտանիքում պայմանավորված է մի շարք հանգամանքներով` սոցիալական, հոգեբանական, տնտեսական, կրթադաստիարակչական և այլն:

Հաճախ տղամարդիկ բռնության են դիմում սոցիալական պայմանների, նյարդահոգեբանական անհավասարակշիռ վիճակի, ալկոհոլի չարաշահման կամ թմրանյութերի ազդեցության հետևանքով` ցանկանալով ցույց տալ իրենց գերիշխող դիրքն ընտանիքում կամ այդ կերպ արտահայտելով կամ դուրս հանելով իրենց մեջ կուտակված ագրեսիան ու բացասական էներգիան, ոմանց էլ պարբերաբար բռնություն գործադրելն ուղղակի հաճույք է պատճառում: Սակայն այն ընտանիքներում, որտեղ կողմերն օժտված են առավել բարձր ինտելեկտով, բռնությունն իսպառ բացակայում է կամ կարող է կրել զուտ դաստիարակչական բնույթ, իսկ խնդիրներն լուծվում են կողմերի փոխըմբռնումով ու փոխգործակցությամբ:

ՀՀ-ում ընտանիքների մեծամասնությունում տիրում են ազգային, ավանդական, սովորութային նորմեր և այդ պատճառով բռնության ենթարկված շատ կանայք գերադասում են լռել և պարբերաբար ենթարկվում են բռնության կամ կրում են դրա հետևանքները, ինչը երբեմն կարող է հանգեցնել առողջական և հոգեկան խանգարումների: Ուստի ընտանեկան բռնությունները դադարեցնելու առաջին քայլը դրա մասին բարձրաձայնելն է և սեփական իրավունքները պաշտպանելը: Իսկ հասարակությունը պարտավոր է բռնության ենթարկված անձանց բարոյական և հոգեբանական օգնություն ցույց տալ, ամեն ինչ անել ընտանիքներում դրանք կանխարգելելու ուղղությամբ, այլ ոչ թե քննադատել և մեկուսացնել տուժածներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել