Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խչաատուրյանի մասնակցությամբ վերջին նիստն է։ Մարտի 13-ին նա ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Խաչատուրյանին համատեղ աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց։ Վահագն Խաչատուրյանն էլ ասաց, թե շնորհակալ է վստահության համար, որ այս 7 ամիսների ընթացքում իրեն հնարավորություն է տվել վարչապետն աշխատելու որպես կառավարության անդամ։
«Ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ կառավարության իմ գործընկերների վերաբերմունքն իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել», – ասաց նախարարը։
Նա նշեց՝ համոզված է, որ միասին հաջողություններ են արձանագրելու․ «Մեր ժողովուրդը թող վստահ լինի՝ այն ծրագրերը, որ նախատեսել է կառավարությունը, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու են»։
Փաշինյանն էլ կատակեց՝ այսօր, ամենաուշը վաղը ստիպված է լինելու Խաչատուրյանին ազատել նախարարի պաշտոնից։
«Մի օր գալիս է դա», – արձագանքեց նախարարը։